Վճարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումը չեղարկվել է
Որոշակի վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումը չեղարկվել է:
«Հանրային մեծ ընդվզում կա։ Մենք հետամուտ ենք լինելու, որ այս հարցն ընդմիշտ Հայաստանի օրակարգից դուրս բերվի»,- նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ, ով նախագծի հեղինակն է, նշել է, թե ճիշտ հակառակն է՝ հանրային լայն շրջանակները մեծ սպասում ունեն այս նախագծից։
«Շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթ, արտագաղթի կանխում»,- ասել է նա և նշել՝ ցավում է, որ նախագծի քննարկումը չեղարկվեց և հույս ունի՝ մինչև առաջիկա զորակոչը օրենքը կընդունվի երկու ընթերցումներով։
Հիշեցնենք՝ որոշման նախագծի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, և 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելու պայմանով:
