Զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժները կխստացվեն
Պետությունը խստացնում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:
Այժմ Քրեական օրենսգրքով սահմանված է քրեական պատասխանատվություն պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափելու համար (Քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով): Պետությունը պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ է նկատել:
«Նախագծով առաջարկվում է խստացնել Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով և 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում՝ 461-րդ հոդվածում 1-ին մասում, սահմանված պատիժը՝ 2-5 տարի ժամկետով ազատազրկումը, փոխարինել 3-6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 462-րդ հոդվածում վարժական հավաքներից խուսափելու դեպքում առաջարկվում է սահմանված տուգանքը՝ առավելագույնը 20-ապատիկ չափով, փոխարինել 15-ապատիկից 30-ապատիկի չափով, իսկ որպես ազատազրկում՝ նախատեսված սանկցիան՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, փոխարինել 1-3 տարի ժամկետով»,- ասաց Քոչարյանը:
