Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը ընդգծել են սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման սկզբունքայնությունը
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ։

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր: Անդրադարձ է կատարվել կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Արարատ Միրզոյանը և Սայիդ Խաթիբզադեն անդրադարձ են կատարել Հայաստանում և Իրանում կազմակերպվող «Երևանյան երկխոսություն» և «Թեհրանի երկխոսություն» միջազգային ֆորումների միջև համագործակցության հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության ու կայունությանն ուղղված ջանքերի շուրջ:
Երկուստեք ընդգծվել է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը:
