Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, չունենք. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Բելառուսը կարտոֆիլի պակաս ունի, հետևաբար՝ Ռուսաստանը նույնպես:

Պուտինն այս մասին ասել է «Ռուսաստան՝ հնարավորությունների երկիր» վերահսկիչ խորհրդի նիստում։

Նախօրեին ՌԴ գործարար շրջանակների, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինը ասել է, որ Ռուսաստանը կարող է կարտոֆիլ գնել Բելառուսից։
Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, սակայն, նշել է, որ «այն այնտեղ վերջացել է»։
«Ինչպե՞ս վերջացել է, Մաքսիմն ասում է, որ Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, այդ ինչպե՞ս»,- զարմացել է Պուտինը:

Երեկոյան նա հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ։

Պուտինի խոսքով՝ Լուկաշենկոն իրեն ասել է. «Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, չունենք: Մենք արդեն ամեն ինչ վաճառել ենք Ռուսաստանին»։

Կալինինգրադի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Բեսպրոզվաննիխը տեղական ինքնակառավարման մարմինների նիստի ժամանակ ասել է, որ իր մարզը չպետք է կարտոֆիլ մատակարարի այլ շրջաններին՝ սեփական պակասի պատճառով։

«Ուշադրություն եմ հրավիրել բանջարեղենի և կարտոֆիլի ինքնաբավության վրա, մենք դեռ ինքնաբավ չենք բանջարեղենի խմբում, ոչ ամբողջ խմբում, բայց հաստատ ինքնաբավ չենք:

Կարտոֆիլը, օրինակ, որի մասին վերջերս շատ է խոսվում: Ես թվերը նայեցի, կարտոֆիլի մի փոքր մասն ունենք, բայց կարտոֆիլի այդ չափը բավարար չէ: Մեր տարածաշրջանից ավելի շատ կարտոֆիլ արտահանելու կարիք չկա»,- ասել է Բեսպրոզվաննիխը։

Մարզպետը նշել է, որ իր մարզն այնուհետ ստիպված է լինում ավելի թանկ գնով կարտոֆիլ գնել։ «Միգուցե մեր կարտոֆիլն էլ հենց հետ են բերում»,- կասկած է հայտնել պաշտոնյան։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Ռուսաստանում կարտոֆիլի դեֆիցիտ է գոյացել բերքի ձախողման և ցանքատարածքների պակասի պատճառով, ինչի պատճառով էլ այն թանկացել է։

You may also like...