Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի օրակարգում չէ. Քելլոգ
Միացյալ Նահանգները ճանաչում է Ռուսաստանի իրավունքը՝ անհանգստանալու ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնմամբ դեպի արևելք և պատրաստ է քննարկել դա Ուկրաինայի պատերազմին վերջ տալու բանակցությունների համատեքստում։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, հայտնում է RBC-Ukraine-ն՝ վկայակոչելով ABC News-ին պաշտոնյայի հետ հարցազրույցը։
Նա նշել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Պուտինին գրավոր պարտավորություններ տալ՝ չընդլայնել Դաշինքը դեպի արևելք, եթե դա դառնա ռազմական գործողությունները դադարեցնելու և Ուկրաինայում պատերազմի ավարտի հիմնական պայմանը։
«Օրինակ՝ մենք ասացինք, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեր օրակարգում չէ: Եվ մենք միակ երկիրը չենք, որ այդպես է մտածում. ես կարող եմ նշել ևս չորս երկիր, որոնք դեմ են Ուկրաինայի անդամակցությանը Դաշինքին:
Սա չնայած այն հանգամանքին, որ անդամակցության համար անհրաժեշտ է բոլոր 32 անդամ երկրների համաձայնությունը: Մենք տեսնում ենք, որ այլ երկրներ էլ նշում են, թե վստահություն չունեն այդ հարցում»,- ասել է նա:
