Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն է անհրաժեշտ. հանդիպել են Վրաստանի ԱԳ նախարարն ու Բերիս Էքինջին

Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բերիս Էքինջիին։

Կողմերն անդրադարձել են վրաց-թուրքական միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստին, որն անցկացվելու է այս տարվա հուլիսին Թբիլիսիում։

Վրաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը նշել են նաև տարածաշրջանային ձևաչափերով, մասնավորապես՝ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում հաջող համագործակցությունը, և ընդգծել այդ երկրների միջև համագործակցության և «Միջին միջանցքի» զարգացման գործում ռազմավարական նախագծերի հաջող իրականացման կարևորությունը։

Վրացական կողմը շեշտել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության անհրաժեշտությունը և հայտնել իր պատրաստակամությունը նպաստելու այդ գործընթացին։

You may also like...