Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը, ըստ որի, զինծառայողների մարմինների տեղափոխման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև:

Այս մասին ասված է ռազմագերիների հետ վարվելակերպի ուկրաինական համակարգող շտաբի «Տելեգրամ» ալիքում։

«Մարմինների վերադարձման համաձայնություն իսկապես ձեռք է բերվել։

Ամսաթիվը համաձայնեցված չէր։ Համաձայնեցված ալգորիթմը հետևողականորեն իրականացնելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին համատեղ գործընթացի շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ։

Համակարգող շտաբը Ռուսաստանի Դաշնության այսօրվա հայտարարությունները որակել է որպես «իրականությանը և նախնական պայմանավորվածություններին չհամապատասխանող»։

Ուկրաինական շտաբը հայտնել է, որ Կիևը փոխանակման համար ներկայացրել է ցուցակներ՝ Ստամբուլում բանակցությունների ընթացքում համաձայնեցված կատեգորիաներով, մինչդեռ ռուսական կողմը ներկայացրել է այլ ցուցակներ, որոնք «չեն համապատասխանում այս մոտեցմանը»։

Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Ուկրաինական կողմը անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռազմագերիների մարմինների ընդունումը և փոխանակումը:

You may also like...