Ինչպես է ՄԻՊ-ը ծախսել 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցները. կատարողական
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին շարունակվել է 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը:
Գրասենյակն իրականացրել է 56 մլն դրամի գնումներ, որոնցից 37 մլն դրամի գնումները՝ 1 անձից գնման եղանակով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը հաջորդիվ ներկայացրել է հաշվետու տարում ՄԻՊ գրասենյակի իրականացրած «Մարդու իրավունքների պաշտպանություն» ծրագիրը՝ երկու հիմնական միջոցառումներով:
«Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցների գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 99.4 տոկոս, բաժին է հասել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրում» միջոցառմանը»,- նշել է զեկուցողը:
Երկրորդ միջոցառման շրջանակում 4 մլն դրամ հատկացվել է գրասենյակի տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Նշվել է, որ հաշվետու տարում ՄԻՊ գրասենյակի «Ա» բարձր կարգավիճակը վերահաստատվել է:
«Սա ինքնին չափորոշիչ է, որ Պաշտպանի հաստատությունը գործում է անկախության, անկողմնակալության եւ վստահելիության բարձր չափանիշներով՝ իրավական գործիքակազմի ներդրմամբ»,- նշել է Նինա Փիրումյանը:
ՄԻՊ գրասենյակը հաշվետու տարում ստացել է 11,634 դիմում-բողոք, որոնցից դրական լուծում է ստացել 1620-ը:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:
