Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել
Մոսկվան Կիևին է հանձնել Կուրսկի մարզում, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում մարտական գործողությունների ժամանակ զոհված 1212 զինծառայողի աճյունները:
Ռուսական կողմին փոխանցվել է 27 մարմին:
«Սկսվել է զոհված զինվորների մարմինների հանձնումը Ստամբուլի պայմանավորվածություններինհամապատասխան: Վաղը նաև կսկսենք առաջնագծում ծանր վիրավորված գերիների շտապ սանիտարական փոխանակումները»,-հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
Ռազմագերիների փոխանակման շուրջ ռուս-ուկրաինական պայմանավորվածությունները ձեռք են բերվել հունիսի 2-ին՝ Ստամբուլում։
«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակմանը ենթակա է գերիների երկու կատեգորիա՝ վիրավորներ և ծանր հիվանդներ, ինչպես նաև 25-ից ցածր տարիքի անձինք։
Պայմանավորվածությունից հետո ռուսական կողմը հայտարարել էր, որ ուկրաինական կողմը անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռազմագերիների մարմինների ընդունումը և փոխանակումը:
Ուկրաինան արձագանքել էր Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը, ըստ որի՝ զինծառայողների մարմինների տեղափոխման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև:
