Իսրայելի ռեժիմն այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր. Իրանի գերագույն առաջնորդ
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել է Իրանի տարածքին հարվածներից հետո «դառը և ցավալի» հետևանքների մասին։
Խամենեին հայտարարել է, որ կատարյալ ազատություն է տալիս զինվորականներին:
«Իրանի վսե՛մ ժողովուրդ,
Սիոնիստական ռեժիմն այսօր առավոտյան իր կեղտոտ և արյունոտ ձեռքը երկարացրել է մեր սիրելի երկրի դեմ նոր հանցագործությամբ՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար էությունը և թիրախ դարձնելով բնակելի կենտրոններ։
Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։
ԻԻՀ Զինված ուժերի հզոր ձեռքը, Աստծո կամքով, նրան հանգիստ չի տալու։
Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ և գիտնականներ նահատակվել են։ Նրանց փոխարինողներն ու գործընկերները, անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։
Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա»,- հայտարարել է Խամենեին իր ուղերձում:
Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և ռազմական գործողություն սկսել։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանի արևելքում գտնվող Նարմակ թաղամասում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 20-ը։
Վաղ առավոտյան Թեհրանում պայթյունների նոր շարք է լսվել, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը և հավելում, որ գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը։
