Օրենքով կարգելվի մեքենայում լրացուցիչ ուժեղացուցիչ, բարձրախոս, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչ տեղադրելը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Ալեն Սիմոնյանը, Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանն ու Արուսյակ Ջուլհակյանն առաջարկում են լրացում կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և փոփոխություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:
Առաջարկվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել վարչական տույժ, և այն կիրառել օրենքը խախտող քաղաքացիների նկատմամբ: Տուգանքն առաջարկվում է նշանակել սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ինչպես նաև կիրառել տուգանային երկու միավոր:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը ընդհանուր առմամբ դրական է գնահատում օրենսդրական փաթեթը, սակայն կան որոշ խնդիրներ առաջարկվող ձևակերպումների հստակեցման առումով: Փոխնախարարն առաջարկել է մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատել հեղինակների հետ՝ նախագծերն իրագործելիության տեսանկյունից լավարկելու և ձևակերպումներն առավել որոշակի դարձնելու համար:
Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հանձնաժողովն առաջարկել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
