Ֆրանսիան բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում՝ վերահաստատելով ինքնապաշտպանության Իսրայելի իրավունքը. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարվածներին, կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և թուլացնել լարվածությունը՝ ամբողջ տարածաշրջանի կայունությունը չվտանգելու համար։
Մակրոնը նշել է, որ գիշերն Իրանի վրա Իսրայելի հարվածներից հետո հունիսի 13-ի առավոտյան Ազգային պաշտպանության և Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Նա հայտարարել է, որ Ֆրանսիան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում իր քաղաքացիներին, դիվանագիտական առաքելությունները և ռազմական բազաները պաշտպանելու համար։
«Տարածաշրջանում բոլորի համար խաղաղությունն ու անվտանգությունը պետք է մնան մեր ուղղորդող սկզբունքը»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ վերջին զարգացումների մասին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։
