Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Նախարարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Որպես դրամական միջոց նա հայտարարագրել է 3,5 միլիոն դրամ, 30 հազար դոլար, որոնք տարեվերջին դարձել են 2 միլիոն 746 հազար 797 դրամ, 22 հազար դոլար։ Կանխիկ միջոցները կազմել են 50 հազար դոլար, 2 միլիոն դրամ, որոնք տարեվերջին դարձել են 37 հազար դոլար, 2 միլիոն 750 հազար դրամ։
Վերջինիս տարեկան ընդհանուր եկամուտները կազմել են 24 միլիոն 771 հազար 233 դրամ, որից 3 միլիոն 18 հազար 744 դրամը նա ստացել է որպես եկամտային հարկի վերադարձ ՀՀ ֆինանսների նախարարությունից, 21 միլիոն 752 հազար 489 դրամն էլ կազմել է նրա աշխատավարձը որպես ՀՀ արտաքին գործերի նախարար։
Նախարարը ունի վարկ, որի մայր գումարի մնացորդի չափը կազմում է 26 միլիոն 643 հազար 395 դրամ։ Տարվա ընթացքում նա վարկի մարմանն ուղղել է 4 միլիոն 840 հազար դրամ։
Միրզոյանը հայտարարագրել է նաև 4 միլիոն 790 հազար դրամ հանգստի համար կատարած ճանապարհածախս (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախս, 4 միլիոն 10 հազար դրամ՝ որպես ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար, 16 միլիոն 800 հազար դրամ՝ որպես անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսեր, 3 միլիոն 500 հազար դրամ՝ որպես 8.2 մլն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսեր։
Նախարարի կինը՝ Գոհար Աբաջյանը, ևս հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարաններ Կոտայքի Նաիրի համայնքում և Երևանում։
Որպես տրանսպորտային միջոց նա ներկայացրել է 2011 թվականի արտադրության «Կիա» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին, իսկ 2024 թվականին 4 միլիոն 508 հազար դրամով վաճառել է։
Տարվա ընթացքում նա 39 հազար 405.46 եվրոյով ձեռք է բերել 2024 թվականի արտադրության «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է։
Որպես դրամական միջոց նա հայտարարագրել է 1 միլիոն 723 հազար 720 դրամ, 3 հազար 800 դոլար, որոնք տարեվերջին դարձել են 2 հազար 40 դրամ և 96.96 դոլար։ Կանխիկ դրամները եղել են 10 հազար դոլար, որը տարեվերջին պահպանվել է, 890 հազար դրամ, որն էլ տարեվերջին դարձել է 340 հազար դրամ։
Վերջինիս տարեկան ընդհանուր եկամուտները կազմել են 46 միլիոն 301 հազար 77 դրամ, որից 11 միլիոն դրամը նա ստացել է «Հայէկոնոմբանկ»-ից որպես ստացված փոխառություններ, 6 միլիոն 547 հազար 574 դրամ «Էնվիդիա Արմենիա»-ից որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, 28 միլիոն 753 հազար 503 դրամ էլ կազմել է նախարարի կնոջ աշխատավարձը «Քոգնայզ էնջինիրինգ»-ից։
Նախարարի կինը ունի երկու վարկ, որոնց մայր գումարի մնացորդի չափը կազմում է 67 միլիոն 568 հազար 163 դրամ, 10 միլիոն 703 հազար 9 դրամ։ Տարվա ընթացքում նա վարկի մարմանն է ուղղել 8 միլիոն 211 հազար 889 դրամ։
Նա 4 միլիոն 255 հազար դրամ հայտարարագրել է որպես հանգստի համար կատարած ճանապարհածախս (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախս, 2 միլիոն 761 հազար դրամը՝ որպես ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար, 2 միլիոն 490 հազարը՝ որպես 2 մլն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսեր։
