Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ

Իրանի իշխանությունները որևէ ուղերձ չեն փոխանցել Իսրայելին այլ երկրների միջնորդությամբ:

Իրանական Mehr գործակալությանն այս մասին հայտնել է Իրանի  արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ ուղերձ չի հղել Իսրայելին որևէ երկրի միջոցով»,- ասել է նա՝ հերքելով տարածված տեղեկությունները, թե Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խնդրել է իր կիպրացի գործընկերոջը ուղերձ փոխանցել Իսրայելին։

Ավելի վաղ Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը լրագրողներին հայտնել էր, որ պատրաստվում է կապ հաստատել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Թեհրանից ստացված ուղերձները փոխանցելու համար։ Նրա խոսքով՝ Իրանը խնդրել է Կիպրոսին «որոշ ուղերձներ» փոխանցել Իսրայելին։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է «Առյուծների սերունդ» գործողությունը, որն, ըստ պաշտոնական Թել Ավիվի, ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։

Սպանվել են բարձրաստիճան զինվորականներ ու գիտնականներ, որոնք տիրապետում էին միջուկային և երկրի հրթիռային կապիտալի բոլոր մանրամասներին և ունեին լուրջ ու առանցքային դեր երկրի պաշտպանության գործում:

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել:

You may also like...