Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. տարհանման հնարավոր ուղիների թվում է նաև Հայաստանը. ԶԼՄ
Իսրայելի և Իրանի միջև իրավիճակի սրման պատճառով Հնդկաստանը սկսել է իր քաղաքացիներին տեղափոխել Իրանի վտանգավոր տարածքներից: Քննարկվում են տարհանման տարբերակները։ Հայաստանը տարհանման հնարավոր ուղիների ցանկում է։
Հնդկաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողությամբ երկրի քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, տեղափոխվում են ավելի անվտանգ վայրեր։
«Կառավարությունը նաև դիտարկում է տարհանման ուղիները, քննարկումներ են ընթանում Հայաստանը որպես անվտանգ անցում օգտագործելու հարցը»,- նշվում է հրապարակման մեջ։
The Indian Express-ը նշում է, որ ըստ պաշտոնյաների՝ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը խոսել է Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու լոգիստիկ և դիվանագիտական համակարգումը։
Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը հորդորել է Հնդկաստանի քաղաքացիներին և հնդկական ծագում ունեցող անձանց մնալ տանը, խուսափել ոչ անհրաժեշտ տեղաշարժերից և ուշադիր հետևել պաշտոնական ալիքներով հրապարակված թարմացումներին:
2022 թվականի տվյալներով՝ Իրանում բնակվում է Հնդկաստանի շուրջ 10 000 քաղաքացի, այդ թվում՝ 2000 ուսանող։
Իրանը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը Իսրայելի հետ փոխադարձ հարվածների ֆոնին, ինչը մտահոգություններ է առաջացրել օտարերկրացիների անվտանգության առնչությամբ։
Նյու Դելին զսպվածության և ապաէսկալացման կոչ է արել՝ հորդորելով Իրանին և Իսրայելին խուսափել հակամարտության սրումից։ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։
Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 224 զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։
Հնդկաստանը, որը կապեր ունի թե՛ Իրանի, թե՛ Իսրայելի հետ, հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն՝ խաչաձև կրակի տակ հայտնված իր քաղաքացիների համար խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։
