Կարապետյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու մասին որոշում կա, կալանքի մասին միջնորդություն է ներկայացվել

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեկան հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել, միջնորդություն է ներկայացվել կալանքի մասին:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են քննչական կոմիտեից՝ նշելով հետևյալը.

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

2025 թվականի հունիսի 18-ին Ս.Կ.-ն ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»:

Հիշեցնենք՝ այս գիշեր ձերբակալվել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը:

Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին է տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:

Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Նրա այս հայտարարությանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ գրառման մեջ էլ Փաշինյանը նկատել էր. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:

Ինչպես հայտնել ենք, հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող տանը։

You may also like...