Թբիլիսին ակնկալում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպման ձևաչափի շարունակականություն

Փաստերն ու իրողությունները վկայում են, որ հայ-վրացական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի և օրինակելի բարեկամության հիմքի վրա։ Երկու երկրների համագործակցությունն ընդլայնվում է բոլոր ուղղություններով՝ քաղաքականությունից և տնտեսությունից մինչև պաշտպանություն, մշակույթ և մարդկանց միջև կապեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ տեսակապի միջոցով հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։

Նա հիշեցրել է, որ սա երկրորդ նմանատիպ միջոցառումն է, որտեղ կարծիքներ են փոխանակվում երկու ժողովուրդների միջև հարաբերությունների վերաբերյալ։

«Վերջին տարիներին մենք ձեռնարկել ենք կոնկրետ քայլեր, որոնք մեզ ակտիվ համագործակցությունից տեղափոխել են ռազմավարական գործընկերության մակարդակ: Մենք ունենք քաղաքական երկխոսության, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության և փոխադարձ աջակցության ամենաբարձր մակարդակը: Մի շարք առումներով իրականացվում են կոնկրետ ռազմավարությունից բխող չափելի ու շոշափելի գործողություններ, որոնք մեր գործընկերությունը տանում են դեպի ընդհանուր առաջնորդություն»,- ասել է Դարսալիան:

Նրա հավաստմամբ՝ իրականացվում է շարժուն գլոբալ և տարածաշրջանային դիվանագիտություն, որը պահանջում է պատասխանատու վարքագիծ, հետևաբար վրացական կողմը հավատում է, որ մեր տարածաշրջանի ապագան կարող է կառուցվել համագործակցության, չեզոքության և շահերի համադրության վրա։

«Վրաստանը միշտ էլ վճռականորեն հանձնառու է եղել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման գործում։ Մեր ընդգրկուն տարածաշրջանում աճող անորոշությունների լույսի ներքո Հարավային Կովկասի երկրները ցույց են տվել, որ երկխոսությունն ու համագործակցությունը ոչ միայն հնարավոր են, այլև անհրաժեշտ»,- հավելել է Վրաստանի փոխարտգործնախարարը։

Դարսալիան վկայակոչել է Հարավային Կովկասի երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցած տարածաշրջանային պատմական հանդիպումը (խմբ. Թբիլիսիում ապրիլի 17-ին կայացել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխնախարարներ Վահան Կոստանյանի, Լաշա Դարսալիայի և Էլնուր Մամեդովի հանդիպումը), որը, նրա բնորոշմամբ, ոչ միայն խորհրդանշական էր, այլև հստակ քաղաքական ուղերձ էր պարունակում այն մասին, որ նույնիսկ ցանկացած տարածաշրջանային բարդությունների և գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կարող են միավորվել և ուսումնասիրել համագործակցության ոլորտները։

Դարսալիայի պնդմամբ՝ այդ հանդիպումը հզոր ազդանշան ուղարկեց ամբողջ միջազգային հանրությանը, որ Հարավային Կովկասը մի այնպիսի տարածաշրջան է, որը կարող է երկխոսության, պատասխանատու հանդիպումների և ապագային նայող վայր լինել։ «Մենք անհամբեր սպասում ենք նմանօրինակ հանդիպումների շարունակությանը և մոտ ապագայում այդ ձևաչափով շոշափելի արդյունքների հասնելուն»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

You may also like...