6 ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանման արգելքը
Կառավարության հունիսի 20-ի նիստում որոշում է կայացվել, որով ժամանակավոր արգելք կսահմանվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ:
Համաձայն Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ արտահանման արգելքի կիրառման ընթացքում մինչ օրս ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 2 դեպք 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին, մինչդեռ 2021 թվականին արձանագրվել է գողության 92 և 2022 թ. գողության 40 դեպք։ Ըստ այդմ՝ առաջարկվում է երկարաձգել արտահանման արգելքը ևս 6 ամիս ժամկետով։
Գործադիրն ընդունել է որոշում՝ մի շարք ապրանքների (երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով։
Նպատակ ունենալով խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով՝ արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար։
Այս կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող վերը նշված ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Վերը նշված ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիցենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ։
Այս գործընթացն առաջարկվում է իրականացնել 6 ամիս ժամկետով:
