Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական կարգավորման ընթացքը
Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը Ստամբուլում կայացած հանդիպմանը քննարկել են երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորման ընթացքը:
Այս մասին Petutyun.com-ին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Էրդողանն ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը, հաղորդում է կառավարությունը:
Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։
Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
Թեև Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով նախկինում մեկնել են Թուրքիա, բայց Փաշինյանի այցը առաջինն է, որի առիթը ոչ թե պաշտոնական կամ ոչ պաշտոնական միջոցառումներն են՝ երդմնակալություն կամ ֆուտբոլային հանդիպում, այլ հենց երկկողմ բանակցությունները:
Հայաստանում Փաշինյանի այցը նրա կուսակիցները պատմական են որակել:
Օրակարգը կողմերը չեն հրապարակել, բայց նախօրեին վարչապետի թիմակիցները պնդել են՝ առանցքում հայ — թուրքական կարգավորումն է:
