Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ
Տարին կես եղավ և միայն այսօր Գյումրին վերջապես հաստատված բյուջե ունեցավ։ Ավագանու նիստում միաձայն ընդունվեց 2025 թվականի բյուջեի նախագիծը։
Քաղաքն իր ծախսերը, կարիքները կհոգա, միջոցառումներն ու անելիքները կկազմակերպի 9 մլրդ 193 մլն 112 հզր 100 (ինը միլիարդ մեկ հարյուր իննսուներեք միլիոն մեկ հարյուր տասներկու հազար մեկ հարյուր) դրամի սահմաններում։

2025-ի բյուջեն հաստատվեց հետևյալ հաշվեկշռվածությամբ՝
1) Ընդամենը եկամուտներ՝ 9193 112100 (ինը միլիարդ մեկ հարյուր իննսուներեք միլիոն մեկ հարյուր տասներկու հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում․
ա.եկամուտներ՝ 7 858 944 600(յոթ միլիարդ ութ հարյուր հիսունութ միլիոն ինը հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ սեփական եկամուտներ՝ 2 681 544 300 (երկու միլիարդ վեց հարյուր ութսունմեկ միլիոն հինգ հարյուր քառասունչորս հազար երեք հարյուր)Հայաստանի Հանրապետության դրամ, պաշտոնական դրամաշնորհներ՝ 5 177 400300 (հինգ միլիարդ մեկ հարյուր յոթանասունյոթ միլիոն չորսհարյուր հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ
բ. տարեսկզբի ազատ մնացորդ՝ 1334167500 (մեկ միլիարդ երեք հարյուր երեսունչորս միլիոն մեկ հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,
2) ծախսեր՝ 9193 112100 (ինը միլիարդ մեկ հարյուր իննսուներեք միլիոն մեկ հարյուր տասներկու հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Սահմանվեց, որ Գյումրի համայնքի ղեկավարը 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում։
Ոոշումն ուժի մեջ է կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից:
Ընդհանուր առմամբ, օրակարգային 30 հարցի քննարկումն անցավ աշխատանքային մթնոլորտում։ Բոլոր խմբակցությունները կողմ էին ներկայացված նախագծերին։
Վարդան Ղուկասյանն անձամբ ներկայացրեց բյուջեն և առաջիկա անելիքները՝ կատակելով․
«Ճիշտն ասած՝ քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, էդքան բան, մեղայ Աստծո, հանկարծ գլուխ գովալ չհամարեք, բայց իրոք այդպես է»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Այնուհետ ավագանին համաձայնեց, որ քաղաքապետարանի և ենթակա կառույցների աշխատակիցների աշխատավարձը բարձրանա 30 տոկոսով, քաղաքապետի աշխատավարձը սահմանվի 560 հազար դրամ։ Հաջորդ տարի, ըստ քաղաքապետի, 20 տոկոսով ևս բարձրացում կլինի։
«Արթիկից, Ամասիայից ցածր է։ Մի բան պատմեմ․ գնացել էինք փորձի փոխանակման Գերմանիա, մի 15 հազարանոց քաղաք էր, քաղաքապետը հարցրեց՝ ինչքա՞ն աշխատավարձ եք ստանում, ասի՝ հլը դու ասա, մեկ էլ ասեց՝ 15 հազար եվրո։ Ինձ էլի հարցրեց, թե դու ինչքա՞ն ես ստանում, ես էլ երկու հարյուր քանի հազար էի ստանում, ասի՝ ինչ անեմ, խաբեմ, չի լինի, ասի՝ հլը չափը չենք որոշել»,- պատմեց Վարդան Ղուկասյանը։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը նկատեց՝ հաստիքացուցակները վերանայման կարիք ունեն։
«Ինչքան որ հասցրել եմ ուսումնասիրել, հարյուրավոր հաստիքներ կան, որոնք ստեղծվել են էս մարդու բարեկամի, էն մյուսի խնամու, ձեր նշած ընտրություններում ձայն ապահովելու համար։
Եվ պարապ հաստիքներ կան, էդ աշխատավարձը կարող եք բարձրացնել՝ էդ հաստիքները կրճատելով, և նորմալ գրագետ մասնագետները, ովքեր իրենց գիտելիքը, իրենց փորձը Գյումրու համար են ծառայեցնելու, էդ մարդկանց աշխատավարձը ավելի բարձրացնելու՝ պարգևավարների, հավելավճարներ տրամադրելով»,- ասաց Մինասյանը։

Նա հետաքրքրվեց՝ ինչ հաստիքներ են կրճատվել, ինչ հաստիքներ ավելացել։ Վարդան Ղուկասյանն ասաց՝ մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել, արդեն ունի եզրակացությունները։
«Մարդուն աշխատանքից ազատելը շատ դժվար բան է, ինձ համար մանավանդ վերին աստիճանի և յուրաքանչյուր մարդու։ Այո՛, քեռի, մորքուր, էդ բաները մեր առջև հիմա դրված են և ցավում եմ, որ պայմանագրեր են կնքել անժամկետ, որը խայտառակություն է։
Հիմա մենք բոլորը վերանայում ենք, ովքեր որ ընտրությունների համար ուղղակի մարդկանց հավաքել են քաղաքապետարանում, որ ձայներ հավաքեն, կազատվեն աշխատանքից։ Գործընթացը սկսված է»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Ղուկասյանն ասաց՝ աշխատանքից ազատվողների փոխարեն ինքը մարդիկ չի բերի, կհայտարարեն մրույթներ, ընդունվողները կգան՝ կընդունվեն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ պատրաստվում են արտահերթ նիստ հրավիրել։

«Դեռ անցյալ տարի մեր խմբակցության նախաձեռնությամբ դատարան էր ուղարկվել 24 հայց, որոնք վերաբերում են Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի և այդ ժամանակահատվածի ավագանու կայացրած ապօրինի որոշումներին: Դատական պրոցեսների բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է ավագանու ևս մեկ որոշում` լիազորել փաստաբանին ավագանու շահերը ներկայացնել դատարանում:
Մեր խմբակցությունն առաջիկայում այս հարցով արտահերթ նիստ կհրավիրի։ ՀԿԿ խմբակցությունը եթե չմասնակցի արտահերթ նիստին կամ դեմ քվեարկի, դա ուղղակիորեն կնշանակի, որ դուք խոչընդոտելու է գործի քննության ընթացքին, իսկ այդ դեպքում կլինեն իրավական ու նաև քաղաքական կոշտ գնահատականներ»,- ասաց Հարությունյանը։
Վարդան Ղուկասյանն առաջարկեց մինչ նիստ հրավիրելը նախ հավաքվել, ընդհանուր քննարկում ունենալ, հատ-հատ քննարկել գույքերի վաճառքի հիմքերը, ծանրութեթև անել իրավաբանին տրվող գումարի նպատակահարմարությունն ու նոր առաջ շարժվել։
