Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանին, որն անցկացվում է հունիսի 21-22-ին Ստամբուլում։
Արաղչին Ստամբուլ է ժամանել շաբաթ առավոտյան և հանդես է գալու մի շարք ելույթներով՝ Իրանի տարածքի նկատմամբ Իսրայելի կողմից իրականացված վերջին հարվածների վերաբերյալ:
Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի չհրահրված ագրեսիան Իրանի տարածքում Թեհրանին այլընտրանք չթողեց, քան պաշտպանել իր ժողովրդին և երկրի անվտանգությունը՝ պատասխան հարված հասցնելով։
Նրա խոսքով՝ Իսրայելի գործողությունները, որոնք սկսվել էին մոտ մեկ շաբաթ առաջ, ստացել են խիստ արձագանք Իրանի զինված ուժերի կողմից, իսկ այդ պատասխաններից հետո Իսրայելի պաշտոնյաներն անցել են սպառնալիքների՝ կոչ անելով իրանցիներին տարհանել քաղաքները։
