Դոհան իրեն իրավունք է վերապահում իրանական ագրեսիայից հետո պատասխան միջոցներ ձեռնարկել
Ամերիկյան Էլ-Ուդեյդ ավիաբազան ժամանակին տարհանվել է ավելի վաղ ձեռնարկված անվտանգության միջոցառումների շրջանակում:
Այս մասին հայտարարել են Կատարի իշխանությունները։
«Բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվել էին կատարական և դաշնակցային անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Կատարի ՊՆ-ից հայտնել են՝ տեղի ամերիկյան ավիաբազաների վրա հարձակման հետևանքով զոհեր կամ տուժածներ չկան։
Կատարի ԱԳՆ-ն հարվածը որակել է որպես ինքնիշխանության անընդունելի խախտում, դատապարտել Էլ-Ուդեյդ ավիաբազային Իրանի հարվածը և սպառնացել է պատասխանել:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Դոհան իրեն իրավունք է վերապահում իրանական ագրեսիայից հետո պատասխան միջոցներ ձեռնարկել։
Իրանի Ազգային անվտանգության խորհուրդն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ վստահեցնելով, որ Թեհրանի գործողությունները «բարեկամական ու եղբայրական Կատարի ու նրա ժողովրդի համար վտանգ կամ սպառնալիք չեն պարունակում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների դեմ:
