Հանցագործության ծանր դեպքը չգրանցած 11 ոստիկանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են ոստիկանության 11 ծառայողների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և հիշյալ առերևույթ հանցանքներին օժանդակելու դեպքեր:
Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի օգոստոսի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբի չորս ծառայողներ և ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հինգ պարեկներ, ստացված ահազանգերի հիման վրա ժամանելով Փարաքար համայնքում գործող ռեստորանային համալիր և տեղեկանալով հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցած մարմնական վնասվածքներով զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ, նկատել են այդ մասին վկայող մի շարք ապացույցներ, այդ թվում՝ արնանման հետքեր, որի մասին զեկուցել են Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները կատարող պաշտոնատար անձին:
Վերջինս, սակայն, ոստիկանության ծառայողներին ապօրինի հանձնարարություն է տվել՝ ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն վերադառնալ ոստիկանության բաժին, իսկ ահազանգի վերաբերյալ փաստաթղթաշրջանառություն իրականացրած ոստիկանության ծառայողները համապատասխան փաստաթղթերում խեղաթյուրել են դեպքի իրական հանգամանքները:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
