Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան
ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունն ակտիվ փուլում է։ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Սա համագործակցության նոր ուղղություններից է, որն ամրագրված է նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության (CEPA) համաձայնագրում։
Շատ կարևոր է, որ անցյալ տարվա հուլիսին մենք որոշեցինք առաջ շարժվել այս երկխոսության ուղղությամբ։
Աշխատանքները շարունակվում են»,-նշել է Մարագոսը։
ԵՄ դեսպանը տեղեկացրել է, որ այս պահին իրականացվում է կոնկրետ աշխատանք Հայաստանի իշխանությունների հետ՝ վիզային ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման ուղղությամբ։
Այդ ծրագիրը կոչված է ուղղորդելու ոլորտային բարեփոխումները։
