Մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ չէ, խնդիրն անթույլատրելի է. Պապոյանը՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մասին (տեսանյութ)
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ տեղեկացնելով, որ կառավարող խմբակցությունը օրենքի նախագծի փոփոխությունն արդեն շրջանառության մեջ է դրել, առաջիկա օրերին ԱԺ արտահերթ նիստում մանրամասն կքննարկվի:
Գևորգ Պապոյանը գործընթացը չի համարել մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ, նա անթույլատրելի է համարել, երբ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով խաթարվում է գործարանների աշխատանքը:
«Կառավարման մեջ քանի որ մենք արդեն խնդիրներ ենք արձանագրում, երբ խոշոր գործարարը մեծ ներդրում էր արել և իմ իմանալով՝ մի քանի 100 հազար դոլարի միջոցառում էր կազմակերպել:
էդ մարդը կորցրեց էդ գումարը, որովհետև էլեկտրաէներգիայի անջատում տեղի ունեցավ, երբ պիտի բացումը տեղի ունենար: Մեկ ուրիշ դեպք երեկ գործարարից եմ ստացել, որը նոր տեխնոլոգիաներ է գնել, և այդ նոր տեխնոլոգիաները պարբերաբար ՀԷՑ-ի անջատումների հետևանքով փչացել են:
Ոչ մի ճապոնացի չի պատկերացնում, որ օրը հինգ անգամ կարող է լույսը անջատվել»,- ասել է Պապոյանը՝ հավելելով, որ գործարար միջավայրն ասում է, որ միլիարդավոր ներդրումներ են արել, որոնք առոչինչ են դառնում:
Ավելի վաղ Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետը նշել էր, որ էներգետիկայի ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված, տեղեկացրել, որ երեկ մասնակցել է հիպերմարկետի բացման արարողությանը, որի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատում է եղել: Դա, ըստ վարչապետի, կարող է լինել երկու պատճառով՝ սաբոտաժ կամ համակարգի տեխնիկական խնդիր:
Նա նկատել է՝ հետագա գործընթացները պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացվեն:
