Փեզեշքիանն Ալիևին կոչ է արել հետաքննել Իրանի վրա հարձակման համար Ադրբեջանի օդային տարածքն օգտագործելու լուրերը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք ենթադրում են, որ իսրայելական անօդաչու սարքերը և միկրոօդանավերը կարող են Իրանի օդային տարածքը ներխուժած լինել Ադրբեջանի տարածքով։
Նշվում է, որ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսել և հավելել, որ Իսրայելը գործել է միջազգային իրավունքի խախտմամբ՝ հարձակվելով Իրանի վրա, այդ թվում՝ միջուկային օբյեկտները թիրախավորելով, ինչը «մարդկության դեմ հանցագործություն» է։
Իրանի նախագահը վերահաստատել է Թեհրանի հանձնառությունը խաղաղ և հարգալից տարածաշրջանային հարաբերությունների՝ ընդգծելով, որ Իրանը ձգտում է կայունության և հարգում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։
Ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ափսոսանք է հայտնել Իսրայելի հարձակումների և դրա հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի համար և ողջունել է հրադադարն ու վերահաստատել Ադրբեջանի հարգանքը՝ Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ալիևը ցանկություն է հայտնել ընդլայնել կապերը Իրանի հետ տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտներում, և առաջարկել է իրանական պատվիրակություն ուղարկել Բաքու՝ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի վերաբերյալ առաջիկա եռակողմ բանակցությունների համար։
Ադրբեջանի նախագահը նաև հրավիրել է իր իրանցի գործընկերոջը մասնակցել Ադրբեջանում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
