Կբացահայտվեն հանցախմբի ֆինանսավորման աղբյուրները, այլ անձինք ևս դատավարական կարգավիճակներ կստանան. Պողոսյան
Քննության հիմնական ուղղություններից մեկն է լինելու նաև երկրում ահաբեկչություն նախապատրաստած հանցախմբի ֆինանսավորման աղբյուրների բացահայտումը:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ մանրամասնելով.
«Պատշաճ դատավարական ընթացակարգերի շրջանակներում քննություն կկատարվի: Մենք դեռ որոշ մասն ենք հրապարակել են գործիքների, միջոցների, բաներ կան, որոնց ձեռքբերումը ենթադրում է որոշակի ֆինանսական միջոցներ և ֆինանսական հնարավորություններ:
Դուք, եթե ուշադրություն դարձրել եք, արդեն հրապարակված գաղտնալսման ձայնագրություններից մեկում նաև խոսվում է, երբ որ պատերի տակ գյուլլենք, նաև կազմակերպվելու էր, ըստ էության, դրանց ֆինանսավորման և փոխհատուցման հարցը:
Այսինքն, այս առումով մեր հենց քննության ուղղություններից մեկը լինելու է նաև այն, որպեսզի պարզենք հանցավոր խմբի ֆինանսավորման աղբյուրները, և էդ մասով նույնպես քննությունը համապատասխան ընթացքում մենք պաշտոնական հաղորդագրություն կունենանք»,- ասաց Արթուր Պողոսյանը:
Կան այլ անձինք, ովքեր այս գործի մեջ ներգրավված են, սակայն ձերբակալված չեն:
Հարցին ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ասաց.
«Բնականաբար այս առումով գործողությունը ավարտված չէ բնականաբար: Մենք ունենք նաև այլ մասնակիցներ, որոնց առաջիկայում նաև դատավարական կարգավիճակներ կտանք:
Ես առումով չեմ ուզում փակագծերը բացեմ, այս խմբի գործողությունները չէր կարող սահմանափակվել այ էս անձանց շրջանակով, բնականաբար այդ մասով նախաքննական մարմինը ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ է կատարում իհարկե նաև ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ»,- ասաց Պողոսյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին հրապարակվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվել է 2 ամսով:
Իրավապահները, ինչպես հայտնել էինք հունիսի 27-ին, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ էին իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
