Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցու­թյունը Հայաստանի ինքնիշխանությանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին Կանադայի օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։

Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանը և խորացմանը։

Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցու­թյունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչ­պես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարական բարե­փո­խում­ների օրակարգին։

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ աշխատելու Ձեզ հետ մեր երկու երկրների միջև համագործակցության ողջ ներուժը կյանքի կոչելու ուղղությամբ։

Եվս մեկ անգամ շնորհավորելով ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ ու քաջառողջություն, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարօ­րու­թյուն, խաղաղություն և երջանկություն»։

You may also like...