Տրանսպորտից օգտվելիս չվճարող և նույնականանալ չցանկացող քաղաքացին կարող է վարչական ձերբակալության ենթարկվել

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Ազգային ժողովում ներկայացնելով տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար նախատեսված տուգանքների նախագիծը, իր խոսքում ընդգծեց նաև վարչական ձերբակալության ենթարկվելու մասին։

«Վարչական վարույթի առանձնահատկություն է սահմանված, որի դեպքում երբ քաղաքացին չի պատրաստվում վճարում անել և չի պատրաստվում նույնականացվել, ապա օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում կարող է նաև վարչական ձերբակալության ենթարկվել և համապատասխան ընթացակարգերի կիրառմամբ կրել վարչական պատասխանատվություն:

Ցանկացած գործողություն, որը պետք է իրականացնեն համապատասխան մարմինները, կարող է բողոքարկվել վարչական վարույթի շրջանակում, իսկ դրանից հետո՝ դատական կարգով»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովը քննարկում է ուղեվարձը չվճարելու համար նախատեսված տուգանքների նախագիծը։

Նախագիծը ներկայացնելիս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը մանրամասներ էր հայտնել, թե ինչպես է լինելու տուգանելու գործընթացը։

«Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից կամ արտոնությունից ընդհանրապես, ապա այս պարագայում սահմանվում է 15-ապատիկի չափով, այսինքն՝ 15 հազար դրամ, և 3-ապատիկի չափով է սահմանվում, եթե ունի նման հնարավորություն, արտոնություն, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում, այսինքն՝ տրանսպորտային միջոց բարձրանալիս ձեռք է բերել համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել»,- ասել էր ՏԿԵ փոխնախարարը։ 

You may also like...