Տեղեկություններ ունեմ, որ հուլիսի 4-ի երթին պարտադրել են ՀԷՑ-ի աշխատակիցներին, որ մասնակցեն․ Սիմոնյան

Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելու:

Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հարցին:

«Ես տեղեկություններ ունեմ, չգիտեմ՝ որքանով են հավաստի, որ ներսում մարդկանց ստիպում են մասնակցել տարբեր միջոցառումների, ասել են, որ ամսի 4-ին երթ է լինելու, և պարտադրել են ՀԷՑ-ի աշխատակիցներին, որ մասնակցեն:

Պետք է կրկնեմ վարչապետի ասածը ԱԺ-ում. այդ բոլոր մարդիկ, ովքեր նման բան են առաջարկում, նրանք առնվազն գործից ազատվելու են, օրենքը ընդունվելուց հետո կառավարիչ նշանակելու պարագայում նրանք պատասխանատվության են ենթարկվելու»,- նշեց նա:

Ավելի վաղ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշել էր, որ ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտությունը չի ծագել քաղաքական հայտարարությունից (խմբ․ նկատի ունի՝ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի հայտարարությունը) հետո, այլ՝ դրանից առաջ, հայտնել՝ ՀՀ վարչապետի կողմից գրավոր հանձնարարական է տրվել ՏԿԵ նախարարությանը և իրեն, և տպավորությունն այնպիսին է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան, այսինքն՝ երբ ՀՀ կառավարությունը նպատակադրվել է որակական փոփոխություն ապահովելու համար միջամտել ՀԷՑ-ում կառավարման այդ համակարգին:

Հայտնենք նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում հիշեցրել է իր հանձնարարականը ՀԷՑ-ի նկատմամբ հատուցման մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ:

You may also like...