Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել:

Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ՝ ներկայացնելով ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Փոխնախարարի տեղեկացմամբ նախագծով հնարավորություն է տրվում նաեւ ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս, այլ՝ երկու ամիս անց:

Բացի այդ, նախագծով իրավական հիմք է ստեղծվում համայնքային ոստիկանությունն առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրելու համար: Ընդ որում, արհեստագործական կրթություն ստացած, ինչպես նաեւ համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները կհամարվեն հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել համայնքային ոստիկանությունն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը, լավարկել ոստիկանությունում ծառայության անցնելու, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացները:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հարակից զեկուցմամբ ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա առաջարկել է հանել նաեւ ծառայությունն ավարտելու վերին շեմի սահմանափակումը՝ հնարավորություն տալով ոստիկանության երկարամյա ծառայողներին աշխատելու, եթե համակարգն ունի նրանց կարիքը:

You may also like...