ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային խոստացված զինամթերքի մի մասի մատակարարումը. Politico
Պենտագոնը դադարեցրել է զենիթային հրթիռների և մյուս բարձր ճշգրտության զինամթերքի մատակարարումներն Ուկրաինային՝ կապված մտավախության հետ, որ այդ սպառազինությունների պաշարները ԱՄՆ-ում չափազանց շատ են կրճատվել:
Այս որոշումը հունիսի սկզբին նախաձեռնել է պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի:
Հրապարակման համաձայն՝ խոսքը Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների, Hellfire հրթիռների և մյուս բարձր ճշգրտության հրետանային զինամթերքի մասին է:
Այդ սպառազինությունների մատակարարումները Կիևի հետ համաձայնեցվել էին դեռևս Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ։
Ինչպես բացատրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին, որի խոսքը մեջբերում է Politico-ն, մատակարարումները սառեցնելու մասին որոշումն ընդունվել է «Ամերիկայի շահերից ելնելով»՝ մյուս երկրներին ռազմական աջակցության հարցի ներքին վերանայման արդյունքում:
Պենտագոնի գործողությունները մտահոգություն են առաջացրել ԱՄՆ Կոնգրեսում: «ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ Patriot-ը, Ուկրաինայի պաշտպանության հիմքն են:
Դրանք աշխատում են, դրանք ամեն օր կյանքեր են փրկում»,- Politico-ն մեջբերում է Օհայոյի դեմոկրատ կոնգրեսական Մարսի Կապտուրի խոսքը:
«Եթե դա ճիշտ է, ապա պարոն Քոլբին որոշումներ է կայացնում, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն ուկրաինացի զինվորների և քաղաքացիական անձանց մահվան»,- շեշտել է կոնգրեսականը։
