Կրեմլում, իհարկե, տեսել են Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերը և նկատել բոլոր մանրամասները. Պեսկով
«Կրեմլում, իհարկե, տեսել են Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման կադրերը և ուշադրություն դարձրել բոլոր մանրամասներին»:
Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, մենք տեսել ենք բոլոր տեսանյութերը և ուշադրություն ենք դարձրել բոլոր մանրամասներին»,- ասել է նա:
Հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են Բաքվում ութ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ:
Նրանք կալանավորվել են չորս ամսով։ Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ հիշյալ անձանց ոչ միայն ձերբակալել են, այլև մինչ դատարան հասցնելը դաժան ծեծի ենթարկել:
Հրապարակումները հայտնվել են հունիսի 30-ին անհիմն ձերբակալված «Սպուտնիկ» գործակալության ռուս և ադրբեջանցի լրագրողների նկատմամբ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից անբարյացակամ գործողությունների ֆոնին։
Ինչպես նշում է գործակալությունը, աշխատակիցներին ներկայացվել են անհեթեթ մեղադրանքներ, թե նրանք, ինչպես պնդում են տեղական լրատվամիջոցները, իբր «ԱԴԾ գործակալներ» են։
Ձերբակալված 8 ՌԴ քաղաքացիները, ինչպես պնդում են ռուսական ԶԼՄ-ները, իրականում ծրագրավորողներ և Բաքվում գտնվող զբոսաշրջիկներ են և թմրանյութերի վաճառքի հետ կապ չունեն:
«Սպուտնիկ Ազերբայջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենյա Բելոուսովան ևս կալանավորվել են չորս ամսով։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խումբը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել իրենց աշխատակիցներին և անհապաղ կարգավորել անընդունելի իրավիճակը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև հեռակա «բախումները» կապված են վերջին օրերին ՌԴ-ի հետ հարաբերությունների նոր լարվածության և սկանդալի ալիքի հետ:
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են Եկատերինբուրգում գտնվող ազգությամբ ադրբեջանցիների տները։ Հայտնի է, որ գործողության արդյունքում մահացել են ադրբեջանցի եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները։ Եվս մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է։
