Ադրբեջանը չի ապահովել ձերբակալվածների հետ հյուպատոսական հասանելիություն. ՌԴ ԱԳՆ

Մինչև հիմա ադրբեջանական կողմը չի ապահովել Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների համար հյուպատոսական հասանելիություն:

Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Ես հենց նոր խոսեցի մեր դեսպանի հետ։ Նա ասաց, որ, ցավոք, դեռևս հյուպատոսական մուտքի թույլտվություն չի տրամադրվել ձերբակալվածների հետ հանդիպման համար, իսկ հիմա, ինչպես արդեն լսել ենք, նաև կալանավորվածներին։

Մենք ենթադրում ենք, որ այն կտրամադրվի, քանի որ պարտադիր է այն տրամադրելը: Մեր դիվանագետներն աշխատում են Բաքվում, մենք այստեղ աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ Ադրբեջանի դեսպանատանը»,- ասել է նա:

Հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են Բաքվում Ռուսաստանի ութ քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ: Նրանք կալանավորվել են չորս ամսով։

Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ հիշյալ անձանց ոչ միայն ձերբակալել են, այլև մինչ դատարան հասցնելը՝ դաժան ծեծի ենթարկել:

Հրապարակումները հայտնվել են հունիսի 30-ին անհիմն ձերբակալված «Սպուտնիկ» գործակալության ռուս և ադրբեջանցի լրագրողների նկատմամբ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից անբարյացակամ գործողությունների ֆոնին։

Ինչպես նշում է գործակալությունը, աշխատակիցներին ներկայացվել են անհեթեթ մեղադրանքներ, թե նրանք իբր «ԱԴԾ գործակալներ» են։

Ձերբակալված 8 ՌԴ քաղաքացիները, ինչպես պնդում են ռուսական ԶԼՄ-ները, իրականում ծրագրավորողներ և Բաքվում գտնվող զբոսաշրջիկներ են և թմրանյութերի վաճառքի հետ կապ չունեն:

«Սպուտնիկ Ազերբայջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենյա Բելոուսովան ևս կալանավորվել  են չորս ամսով։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև հեռակա «բախումները» կապված են վերջին օրերին ՌԴ-ի հետ հարաբերությունների նոր լարվածության և սկանդալի ալիքի հետ:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են Եկատերինբուրգում գտնվող ազգությամբ ադրբեջանցիների տները։

Հայտնի է, որ գործողության արդյունքում մահացել են ադրբեջանցի եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները։ Եվս մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է։ 

Բոլոր անձինք այս կամ այն կերպ կապ ունեն 2001-ին տեղի ունեցած սպանության գործի հետ:

You may also like...