Միքայել և Բագրատ սրբազաններին հոգևորական է այցելել
ՀՀ ԱԱԾ -ին կից մեկուսարանի նույն խցում պահվող Միքայել և Բագրատ սրբազաններին հոգևորական է այցելել իրենց իսկ խնդրանքով։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը։«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նույն խցում պահվող Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ թույլ տան իրենց հոգևորական այցելի՝ հաղորդություն ստանալու համար։
Դիմումը բավարարվել է, և նրանց է այցելել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի հոգևորականը, որն ամբողջ տարվա համար ունի կալանավայրում պահվողներին այցելելու թույլտվություն»,–հայտնեցին ՔԿԾ–ից։
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ հուլիսի 5–ին` ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, Միքայել և Բագրատ սրբազանները մեկօրյա հացադուլ են հայտարարել` դատապարտելով իրենց նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
