Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:

Ըստ այդմ, շաբաթվա ընթացքում շարունակվել են մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։

Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։

Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի կաթնային հասունացումը և կարտոֆիլի պալարագոյացումը։ Շարունակվել է պտղատուների և կաղամբի տեխնիկական հասունացում։

Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը շարունակվել են գտնվել կաթնային հասունացման փուլում։

Շարունակվել է կաղամբի միջահաս տեսակի գլխի ձևավորումը, տեղ-տեղ սկսվել է տեխնիկական հասունացում և կարտոֆիլի վերգետնյա մասի թառամումը, բանջարանոցայինները ծաղկել են։

You may also like...