Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է խափանման միջոցը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այցելել էր Քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրեն մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:
Նշենք, որ դատախազի կողմից որոշում է կայացվել նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
Արծվիկ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Մինասյանը նաև տեղեկացրեց, որ հրաժարվել է ցուցմունք տալ:
Ինչպես հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին էր ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագիրը՝ հուլիսի 7-ին:
2 պատգամավորին վերաբերող գործերը կապված են իրար հետ:
Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սևան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն, իսկ Արծվիկ Մինասյանի գործը՝ վերոնշյալ ապօրինի գործընթացի դեմ միջոցներ չձեռնարկելուն:
