Սևանի ափին 900-ից ավելի գույք է ստուգման փուլում. Օհանյանը միակը չէ, էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան

900-ից ավելի գույք կա Սևանի ափին, որոնք ստուգման փուլում են գտնվում դատախազության կողմից:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հստակեցնելով, որ դատախազությունն ունի տարբեր գործառույթներ: Ստուգումներ են իրականացվում և պետշահերով, և քրեական վարույթներով:

«Սեյրան Օհանյանը պատգամավոր է, և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար պետք է գնայինք Ազգային ժողով: Դա է պատճառը, որ էս մի ապօրինի կառույցի վերաբերյալ լայն հանրային քննարկում է ծավալված:

Սեյրան Օհանյանի գույքը միակը չէ, որն այս պահին գտնվում է ակտիվ քննության փուլում, այնտեղ էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գույքեր կան, որոնք ինչպես քրեական վառույթով են քննության առարկա, այնպես էլ մեր պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում են ստուգում:

Դրանց մասին անընդհատ ենք հրապարակում, ինչ-որ մի փուլում, երբ որ ավելի շատ կլինեն, վստահաբար ավելի խմբավորված կտանք, բայց Սեյրան Օհանյանը միակը չէ, վստաբար»,- ասաց դատախազը:

Ինչպես հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին էր ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սևան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն:

Դատախազի կողմից որոշում է կայացվել Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

You may also like...