Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը և եվրոպական խաղաղության նպատակի իրականացմանը

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արսեն Թորոսյանն Իտալիայի և Ուկրաինայի խորհրդարանների հրավերով Հռոմում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին:

Համաժողովի շրջանակում Արսեն Թորոսյանն առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիյենկոյի հետ: Հանձնաժողովի նախագահը նաև ելույթ է ունեցել խորհրդարանականների համար կազմակերպված քննարկման ժամանակ:

«Հարգելի՛ գործընկերներ,

թույլ տվեք շնորհակալություն հայտնել իտալացի և ուկրաինացի գործընկերներին այս խորհրդարանական միջոցառումը կազմակերպելու համար Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակում:

Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ ուզում եմ ընդգծել, թե որքան կարևորում ենք այս գործընթացը ոչ միայն Ուկրաինայի վերականգնման գործնական շրջանակի տեսանկյունից, այլև որպես քաղաքական և բարոյական պարտավորություն բոլոր ժողովրդավարական պետությունների համար:

Հայաստանն առաջին անգամ մասնակցեց այս համաժողովին անցյալ տարի, և մենք շարունակելու ենք հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը և եվրոպական խաղաղության ու կայունության ավելի լայն նպատակի իրականացմանը:

Հայաստանն այս քննարկմանը բերում է ոչ միայն համերաշխություն, այլև ընդհանուր փորձ: Մենք ևս անցել ենք պատերազմի ցնցումների, խաղաղ բնակչության տեղահանության, ինքնիշխանությանը սպառնացող վտանգների միջով: Մեր ժողովուրդը սեփական փորձով գիտի, որ խաղաղությունը պարզապես հակամարտության բացակայություն չէ, այլ դժվարությամբ ձեռք բերված նվաճում է, որը պահանջում է քաջություն, համբերություն և նվիրվածություն:

Այս պահին մենք՝ որպես պետություն, ներգրավված ենք բարդ, բայց վճռական հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր հարևանի՝ Ադրբեջանի հետ: Ընդամենը երեկ վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը հաջող բանակցություններ են ունեցել Աբու Դաբիում: Մեր վերջնանպատակն է փոխել անվտանգության ճարտարապետությունն ու տարածաշրջանում փոխհարաբերությունների փիլիսոփայությունը՝ ապահովելով հարատև խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում ու հարակից տարածքում: Մենք խորապես հավատում ենք, որ Իտալիան և Ուկրաինան, այլ եվրոպական ժողովրդավարությունները, կարող են կարևոր դեր խաղալ մեր տարածաշրջանում խաղաղ գործընթացի աջակցման հարցում:

Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը մեր մոտեցման անկյունաքարն է: Մենք համոզված ենք, որ այս նույն սկզբունքը պետք է կիրառելի լինի ամբողջ հետխորհրդային տարածքում՝ ներառյալ Ուկրաինայում:

Խորհրդարանները կենսական դեր ունեն ապահովելու, որ խաղաղության կառուցումը, վերականգնումը և բարեփոխումները չմնան որպես վերացական ձգտումներ, այլ դառնան իրականություն:

Հայաստանում մենք անում ենք առավելագույնը՝ աջակցելու ժողովրդավարության զարգացմանը թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս: Մենք խորապես հավատում ենք, որ ժողովրդավար Ուկրաինան էական է ամբողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար:

Թույլ տվեք ավարտել՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը մեր եվրոպացի գործընկերների հետ և, առաջին հերթին, Ուկրաինայի ժողովրդի ու ինստիտուտների հետ, քանի որ մենք կիսում ենք նույն արժեքները:

Շնորհակալություն»,- իր ելույթում ասել է Արսեն Թորոսյանը:

You may also like...