Կաթվածի ազգային ծրագիրն ընդլայնվում է. նախարարը Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում է ունեցել
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում է ունեցել կարևորագույն մի թեմայով. Սյունիքում հիմնվելու է Կաթվածի կենտրոն`ընդլայնելով Կաթվածի ազգային ծրագիրը:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը:

«Առցանց եղանակով Կաթվածի խորհուրդի անդամների հետ քննարկել ենք ծրագիրը ներդնելու համար մարզում առկա հնարավորությունները, ինչպես նաև` իրատեսական խնդիրներն ու առաջադրել լուծումներ:

Գիտեք, հատկապես կաթվածի դեպքում ամեն ժամը վճռորոշ կարող է լինել պացիենտի կյանքի համար, ուստի շատ կարևոր է Երևանից հեռու գտնվող Սյունիքի մեր քաղաքացիների համար հասանելի դարձնենք կենսական այս ծրագիրը:

Կաթվածի ազգային ծրագիրը հասցրել ենք ներդնել Երևանում, Գյումրիում, Վանաձորը հեռաբժշկության միջոցով միացել է այս ծրագրին:
Այս մարզերում արդեն ունեցած հաջողված փորձը պետք է ներդնենք նաև մեր այլ մարզերում:
Կյանք փրկող և հաշմանդամությունը կանխող թրոմբէկտոմիան և թրոմբոլիտիկ թերապիան պետական պատվերի շրջանակում պետք է հասանելի դառնա մեր քաղաքացիներին հենց իրենց մարզում`տեղում»,- ասված է գրառման մեջ:
