Բոլորը՝ մանկապարտեզ հաճախող երեխայից մինչև վարչապետ, առաջնային պետք է համարեն կրթությունը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ, տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը:

Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը:
Ընդհանուր առմամբ դպրոցից կարող է օգտվել մոտ 230 աշակերտ։ Այն ապահովված է ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման հակահրդեհային օդափոխության, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ժամանակակից համակարգերով։ Իրականացվել են նաև տարածքի ցանկապատման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։



Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նվիրատու ընտանիքներին, նրանց ներկայացուցիչներին, Հայաստան համահայկական հիմնադրամին և հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակին։ Վարչապետի խոսքով՝ դպրոցի կառուցման ծրագիրը Կառավարության և սփյուռքի գործակցության տիպային օրինակ է:
