Փոփոխություններ և լրացումներ՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի կարգում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգում: Ըստ հիմնավորման՝ պարգևավճարի իրավունքի իրացնելիս իրավակիրառ պրակտիկայում ծագել են որոշ խնդիրներ, որոնք նպատակահարմար է լուծել։

Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողը (կամ ռազմաուսումնական հաստատության կուրսանտը) համարվում է համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձ, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կամ պարտադիր զինվորական ծառայության ավարտից հետո՝ այդ ծառայության ընթացքում ծագած հիվանդության կամ ստացած վնասվածքի հետևանքով:

Աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին կարող են միաժամանակ նշանակվել մարտական գործողությունների մասնակցի համար (5000 դրամ) և «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձանց համար (15000 դրամ) սահմանված պարգևավճարները:

Պարգևավճարը նշանակվում է մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստաթուղթը ստանալու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Պարգևավճարի իրավունք ունեցող, սակայն պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք չունեցող՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցին կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հիմքով պարգևավճար նշանակվում է առանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու։

Զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին (ընտանիքին) զոհված զինծառայողի գծով պարգևավճար է նշանակվում առանց զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին փաստաթուղթ ներկայացնելու, եթե պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա է տեղեկատվություն զոհված (մահացած) զինծառայողի գծով պարգևավճար կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակված լինելու մասին:

You may also like...