Կոչ եմ անում պարոն Ղազինյանին ազատման դիմում գրել և հեռանալ, այլապես իմ առաջին հրամանը լինելու է դա. Պետրոսյան
«Խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին չվիրավորել»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ արձագանքելով հարցին, թե կարծիքներ կան, որ ՀԷՑ-ի շուրջ 7000 աշխատակիցներին, իրենց ընտանիքների անդամներին ուղղորդելու եք 2026 թվականին ընտրել «Քաղաքացիական պայմանագրին»:
«7000 քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են, որոնք արդեն 7 տարի շարունակ համոզվել են, որ իրենց քվեի ուժը անբեկանելի է, իրենց ոչ ոք չի կարող ուղղորդել, և ցանկացած քաղաքացի իր կամարտահայտում իրականացնում է քվեախցում առանց որևէ վերահսկողության, ուղղորդման:
Ես մեր քաղաքացիներին շատ հարգում եմ, և անկախ նրանից, թե որ մարմնում ինչ կարգավիճակ են զբաղեցնում նրանք՝ դա երբևէ ընտրական պրոցեսի ուղղակի մաս չի կարող դառնալ»,- նշեց նա:
Արձագանքելով մեկ այլ հարցի, թե արդեն ուսումնասիրել է աշխատակիցների աշխատանքը և գիտի՝ ո՞ւմ է ազատելու, թե՞ որոշ ժամանակ կաշխատի նոր կորոշի, Պետրոսյանն արձագանքեց.
«Մի բան ակնհայտ է․ վերջին շաբաթներին ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի արված հայտարարությունները, այդ թվում՝ այս գործընթացը կասկածի տակ դնելու մասին, գործընթացի իրավականությունը, լեգիտիմությունը, տոռպեդահարելու մասով ինձ համոզմունք են տվել, որ վստահության խնդիր կա, և ես, օգտվելով իմ լիազորություններից, այս պահից արդեն կոչ կանեմ պարոն Ղազինյանին ազատման դիմում գրել և հեռանալ, այլապես իմ առաջին հրամանը լինելու է պարոն Ղազինյանին ազատելը իր այսօրվա կարգավիճակից»:
