Սարատովում գազի պայթյունի հետևանքով փլուզվել է բնակելի շենքի մի մուտքը, կան զոհեր
Սարատովում գազի պայթյունի հետևանքով փլուզվել է 10 հարկանի բնակելի շենքի մուտքը։
Առնվազն 4 մարդ մահացել է, այդ թվում՝ մեկ երեխա՝ հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Վթարը տեղի է ունեցել քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում, ինչի հետևանքով 1-10-րդ հարկերի անկյունային մուտքը քանդվել է։
«Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները՝ ավելի քան 20 փրկարար, կինոլոգներ և 8 միավոր տեխնիկա. ապամոնտաժում և զննում են փլատակները, տարհանում բնակիչներին»,- հայտնել են ԱԻՆ-ից։
Փլատակներից հաջողվել է փրկել առնվազն 11 մարդու:
Շենքի բնակիչները տարհանվել են։
