Իրանը ԱԷՄԳ-ին ազդանշան է տվել, որ պատրաստ է վերսկսել տեխնիկական խորհրդակցությունները. Գրոսի

Իրանն ազդանշան է տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որ պատրաստ է վերսկսել տեխնիկական խորհրդակցությունները, հայտարարել է կառույցի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Իրանը մեզ հայտնել է, որ պատրաստ է վերսկսելու տեխնիկական խորհրդակցությունները։ Կարծում եմ՝ մենք պետք է վերադառնանք բնականոն աշխատանքային հարաբերությունների։ Սա վստահության կամ քաղաքականության հարց չէ, սա պարտականություն է, քանի դեռ դուք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ եք:

Իսկ պայմանագիրը ստորագրողները իրենց միջուկային օբյեկտները ենթարկում են ամենախիստ ստուգման ռեժիմի։

Եթե դուք խաղում եք կանոններով, ապա դա նշանակում է, որ դուք պետք է բաց լինեք ստուգումների համար», — ասել է Գրոսին։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պնդում է, որ իր տեսուչները հնարավորինս շուտ վերադառնան Իրանի միջուկային օբյեկտներ և շարունակեն իրենց աշխատանքը։ Գործակալության ղեկավարի խոսքով՝ դա Իրանի դեմ քաղաքական արշավ չէ։

You may also like...