Եթե ժողովուրդն ինձ վստահի ու պահանջի՝ ասելով՝ դու հայի տղա ես, արի վարչապետ դարձի, պատրաստ եմ կյանքս էլ դնել. Վարդան Ղուկասյան
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրավիրված ասուլիսին անդրադարձել է իր՝ վարչապետ դառնալու հնարավորությանը՝ ընդգծելով, որ երբեք այդպիսի ձգտում չի ունեցել, սակայն իր սկզբունքներին հավատարիմ առաջնորդին պատրաստ է աջակցել։
Նրա խոսքով՝ այս պահին երկիրը գտնվում է մի իրավիճակում, 10 ընտանիք ունի ամբողջ երկրի հարստությունը:
«Կշեռքի մի նժարի վրա ամբողջ ժողովուրդն է, մյուս նժարի վրա՝ այդ 10 ընտանիքը։ Նրանք պետությունից ավելի հարուստ են։ Երկրի ընդերքը պետք է դառնա պետական սեփականություն՝ չինական մոդելով»,- ասաց նա։
«Եթե մի մարդ լինի, որ ասի՝ Հայաստանի Հանրապետությունն ինձ համար ավելի թանկ է, քան այդ տասը ընտանիքը, ես անպայման նրան կպաշտպանեմ։ Իսկ եթե ես տեսնեմ, որ նման մարդ չկա, ու ժողովուրդն ասի՝ դու պիտի անես, ես կանեմ։ Եթե չեմ անի, երկու ձեռքս կտրեք: Եթե իմ ասածը չիրականացնեմ, եթե արագ կարգով այս երկիրը ոտքի չկանգնացնեմ այդ դեպքում ես հորս տղան չեմ»,- շեշտեց Ղուկասյանը:
