Կրեմլը չի բացառում Պուտինի և Թրամփի հանդիպումը Պեկինում
Կրեմլը որևէ էական նախապատրաստություն չի իրականացնում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև սեպտեմբերին Չինաստանում կայանալիք հանդիպման համար, սակայն նման շփումները չեն կարող բացառվել, եթե երկու առաջնորդներն էլ միաժամանակ գտնվեն Պեկինում։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս հանդիպման համար էական նախապատրաստություն չի իրականացվում, քանի որ համաձայնեցված շփումներ չկան»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հաստատել է Պուտինի՝ սեպտեմբերի սկզբին Պեկին այցելելու ծրագրերը։ «Եթե պատահի, որ ԱՄՆ նախագահը որոշի նույն ամսաթվերին այցելել նաև Չինաստան, ապա, իհարկե, նման հանդիպումը տեսականորեն չի կարող բացառվել, եթե պետությունների ղեկավարները գտնվեն նույն քաղաքում»,- հավելել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։
