Այս տարի բուհ է ընդունվել՝ 9,788 դիմորդ, թափուր է մնացել 1,174 տեղ. ԳԹԿ
Հուլիսի 30-ին, ընդունելության կարգի համաձայն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթի արդյունքները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Նա նշել է, որ հունվարի 15-ից մինչև հուլիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Գնահատման և թեստավորման կենտրոնը կազմակերպել է միասնական քննություններ, որին մասնակցել են 41,500-ից ավելի դիմորդներ: Բուհերում այս տարի հատկացված էր պետական և ոչ պետական 2,142 անվճար և 9,984 վճարովի տեղ։
Երկու դրական գնահատականներով չեն ընդունվել 1,999 հոգի, այսինքն՝ նրանք այն դիմորդներ են, որոնք կարող են մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթներին։ Հիմնական փուլի արդյունքներով բուհ են ընդունվել 7,719 դիմորդ, խոսքը հիմնական փուլի մասին է, իսկ ներբուհական քննություններով՝ 2,069-ը, այսինքն, ընդհանուր՝ 9,788 հոգի:
«Երբ հիմնական փուլի մրցույթի արդյունքները արդեն հայտնի էին, ունեինք թափուր 2,355 տեղեր, անվճար՝ 264 և վճարովի՝ 2,091: Մրցույթի լրացուցիչ փուլում հայտագրվել է 1,478 դիմորդ, այսինքն՝ մոտ 500 դիմորդ չեն հայտագրվել» , — ընդգծում է Նասիբյանը, հավելելով, որ նրանք, ըստ ամենայնի այն դիմորդներն են, որոնք իրենց գնահատականները պահում են հեռակա ուսման մրցույթի մասնակցելու համար, կամ այն դիմորդները՝ որոնք զորակոչվել են բանակ։
Երկու փուլերի մրցույթների արդյունքում դուրս են մնացել ընդհանուր առմամբ 296 դիմորդ, որոնք ունեցել են դրական գնահատականներ, սակայն որևէ բուհ չեն ընդունվել։ Լրացուցիչ փուլի, այսինքն՝ երկրորդ մրցույթը կազմակերպելուց հետո թափուր են մնացել ընդհանուր առմամբ 1,174 տեղ, անվճար՝ 219 և վճարովի 955 տեղ։
Ըստ վիճակագրության հայաստանյան բուհերի՝ դիմորդների թվով թոփ 3 տեղերում են հետևյալ համալսարանները.
- Երևանի պետական համալսարան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
