Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը կարևորել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում անցկացվող Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի կառավարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերություններին և ռազմավարական գործընկերությանը, տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն  առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում  առկա գործընթացները։

«Նշվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության առանձնահատուկ կարևորությունը։ Վարչապետը հայտարարել է, որ այդ ուղղությամբ կարևոր առաջ քայլ է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին։

Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու այդպիսով ապահովելու տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն»,- ասված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

You may also like...