Վաշինգտոնում տեղի է ունենալու շատ կարևոր պատմական իրադարձություն. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, մի շարք քրեական գործերով անցնող և անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի էջում նոր գրառում է հայտնվել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ:

«Վաղը Վաշինգտոնում տեղի է ունենալու շատ կարևոր պատմական իրադարձություն։  Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր։

Ալիևն ու Փաշինյանը երկար ժամանակ խոսում էին, բայց ամեն ինչ արագացավ Ամերիկայի նախագահի միջամտությամբ։

Այդ օրը համաշխարհային պատմության մեջ կմնա որպես Կովկասի ազատագրման ամսաթիվ Ռուսաստանի ճիրաններից»,- գրել է Սաակաշվիլին:

Նա հավելել է, որ Ռուսաստանն արդեն պաշտոնապես կորցնում է Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի նկատմամբ գերիշխանությունը:

Ըստ Սաակաշվիլիի՝ ՌԴ-ն առայժմ պահպանում է Վրաստանի նկատմամբ վերահսկողությունը «խամաճիկ ռեժիմի» միջոցով, բայց այդ վերահսկողությունը, անկասկած, երկար չի տևի:

Ինչպես հայտնել ենք՝ օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

You may also like...